Երեկ ԲՀԿ-ի Կենտրոնի տարածքային կառույցը որոշում է կայացրել ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից։ Կարծիք կա, որ հեռացնելով Էլինար Վարդանյանին՝ ԲՀԿ-ն տարանջատվեց Քոչարյանից: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ այս գործընթացները Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ առնչություն չունեն և չէին էլ կարող ունենալ: «Ինչ վերաբերում է նրան, որ մամուլը գրում է այդ մասին, վերլուծում է և այլն… այդ վերլուծությունները իրականության հետ որևէ կերպ չեն առնչվում, ընդհանրապես իրողությունների հետ չեն առնչվում, այսինքն՝ ոչ թե մասամբ, կամ գոնե ինչ-որ մի մասով, այլ ընդհանրապես իրողությունների հետ չեն առնչվում: Ես չեմ փորձում մեկնաբանել, հերքել կամ ժխտել, այլապես ամբողջ ժամանակս պետք է վատնեմ այդ լուրերը, մեկնաբանությունները հերքելու վրա»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Վիկտոր Սողոմոնյանը իր վերջին մեկնաբանության մեջ նշել էր, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա վերադառնալ ակտիվ քաղաքականություն, փոփոխված սահմանադրությունը նույնպես այդ հնարավորությունը կտա, հնարավոր է նա որոշի մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ առանձին ցուցակ առաջնորդելով: Հնարավո՞ր է՝ այդ ցուցակում Էլինար Վարդանյանի անունն էլ տեսնենք՝ հարցին Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. «Կոչ եմ անելու իմ հայտարարությունը ևս մեկ անգամ ընթերցել և շեշետադրումները ևս մեկ անգամ տեսնել: Ռոբերտ Քոչարյանը դեմ է Սահմանադրությանը ոչ թե այն պատճառով, որ Սահմանադրության փոփոխությունը թույլ չի տվել ցանկության դեպքում վերադառնալ իշխանության, բացարձակապես, Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, որովհետև դրանք վնասելու են երկրին, սա է շեշտադրումը: Ես ոչ թե ջանացել եմ պատմել հնարավոր ցուցակի մասին, այլ փորձել եմ բացատրել, որ դեմ լինելն ամենևին պայմանավորված չէ անձնական հնարավոր պլաններով»: